Ազգային ժողովն ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը և կից օրենքներում փոփոխությունների փաթեթը:

– Սա կարելի է պատմական իրադարձություն համարել, որովհետև Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այս պարտավորությունը ստանձնել էր 2010-ին` վավերացնելով ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան,- նշում է Զարուհի Բաթոյանը,- Ես կարող եմ երկար գրել այն ճանապարհի մասին, որը անցել եմ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության իմ ընկերների հետ Կոնվենցիայի ստորագրման արարողությանը մասնակցելուց ի վեր, բայց դա այս պահին կարևոր չէ: Միայն նշեմ, որ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին և նորմերին համապատասխան օրենքը մշակվեց և ընդունվեց քաղաքական կամքի և հետևողական ջանքերի շնորհիվ, որովհետև կառավարությունը և ԱԺ-ն այն կարևորեցին և դիտարկեցին որպես առաջնահերթություն: Իհարկե, սա փոփոխությունների միայն սկիզբն է, որից հետո պետք է սկսվի նոր փուլ՝ ապահովելու օրենքի իրագործումը, ծրագրերի իրականացումը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և ներառման նոր մակարդակը: