Լույս է տեսել Զարուհի Բաթոյանի բանաստեղծությունների ժողովածուն

Լույս է տեսել Զարուհի Բաթոյանի «Այսօրվա, վաղվա և մյուս օրերի համար» բանաստեղծությունների ժողովածուն, որի շնորհանդեսը կայացավ Հոկտեմբերի 2-ին «Զանգակ» գրատանը:

Ժողովածուի բանաստեղծությունները մեծ քաղաքում բարդ հասարաքաղաքական կյանքով ապրող փխրուն կնոջ մասին են, որը, սակայն, չկորցնելով մարդկային ամենանուրբ զգացումները, վերապրում, քաղաքային առօրյայի, մշակույթի բոլոր դետալները վերածում է սեփական զգացմունքների թարգմանության:

Շինհրապարակից լսվող աղմուկը, քաղաքից հեռացող մարդկանց ոտնաձայները, փողոցի լքված շները, պատին գրաֆիտի գրառումը, համերգն ու հրավառությունը իրենց շարժման ընթացքից վերափոխվում են կարոտ, սեր ու թախիծ պատկերող մետաֆորների, իսկ ամբողջության մեջ՝ մի մեծ սիրո խոստովանության, որ տևելու է անվերջ՝ այսօրվա, վաղվա և մյուս օրերի համար…

Գիրքը հրատարակել է «Գրանիշ» հրատարակչությունը, գրքի խմբագիրն է Հասմիկ Հակոբյանը, շապիկի ձևավորումը հեղինակել է Լիլիթ Ալթունյանը:

Գիրքը հասանելի է գրախանութներում: