Ազգային ժողովն ընդունել է «Տեսալսողական մեդիայի» մասին և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը, որոնց հեղինակը պատգամավոր Զարուհի Բաթոյանն է:
Հեղինակն առաջարկվում է ավելացնել հայերեն ժեստերի լեզվով կամ ենթագրերով հեռուստահաղորդումների ծավալը, ինչպես նաև սահմանել ժեստերի լեզու հասկացությունը. «ժեստերի լեզու՝ լեզվական ինքնատիպ համակարգ, որը դրսեւորվում է ձեռքերի իմաստավորված շարժումներով՝ դիմախաղի, շրթունքերի շարժումների եւ մարմնի դիրքի համակցմամբ»:
Օրենքի փաթեթն ամրագրում է հետևյալ փոփոխությունները.
- մանկական հաղորդումների դեպքում ամրագրել ժեստերի լեզվով հեռարձակման պահանջ,
- ֆիլմեր հեռարձակողների դեպքում եթերաժամում ավելացնել օրական առնվազն մեկ ֆիլմի հեռարձակում հայերեն ժեստերի լեզվով կամ ենթագրերով,
- հանրային հեռարձակողների համար լրացուցիչ և պարտադիր հաղորդումների ցանկ սահմանել, ապահովելու հայերեն ենթագրերով կամ ժեստերի լեզվի թարգմանությամբ՝
- ա. շաբաթվա ընթացքում առնվազն մեկական կրթական, առողջապահական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդման հեռարձակում,
- բ. Հայաստանի Հանրապետության տոներին և հիշատակի օրերին կազմակերպվող միջոցառումների ուղիղ եթերով հեռարձակումները,
- գ. վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Հանրապետության նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղիղ եթերով հեռարձակվող ելույթները, ուղերձները և նախապես ծրագրված հարցազրույցները,
- դ. արտակարգ կամ ռազմական դրության ռեժիմի ընթացքում եթեր հեռարձակվող հատուկ թողարկումները,
- ե. սոցիալական գովազդը,
- սահմանել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելք տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն տարածելու, կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն պարունակելու դեպքում,
- «Լեզվի մասին» ՀՀ օրենքում սահմանել «Ժեստերի լեզու» հասկացությունը,
- Ազգային ժողովի հատուկ նիստերի և խորհրդարանական լսումների առցանց հեռարձակումը Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքով կազմակերպելու հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ: