Կավելանա ժեստերի լեզվով հաղորդումների ծավալը

Ազգային ժողովն ընդունել է «Տեսալսողական մեդիայի» մասին և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը, որոնց հեղինակը պատգամավոր Զարուհի Բաթոյանն է:

Հեղինակն առաջարկվում է ավելացնել հայերեն ժեստերի լեզվով կամ ենթագրերով հեռուստահաղորդումների ծավալը, ինչպես նաև սահմանել ժեստերի լեզու հասկացությունը. «ժեստերի լեզու՝ լեզվական ինքնատիպ համակարգ, որը դրսեւորվում է ձեռքերի իմաստավորված շարժումներով՝ դիմախաղի, շրթունքերի շարժումների եւ մարմնի դիրքի համակցմամբ»:

Օրենքի փաթեթն ամրագրում է հետևյալ փոփոխությունները.

  • մանկական հաղորդումների դեպքում ամրագրել ժեստերի լեզվով հեռարձակման պահանջ,
  • ֆիլմեր հեռարձակողների դեպքում եթերաժամում ավելացնել օրական առնվազն մեկ ֆիլմի հեռարձակում հայերեն ժեստերի լեզվով կամ ենթագրերով,
  • հանրային հեռարձակողների համար լրացուցիչ և պարտադիր հաղորդումների ցանկ սահմանել, ապահովելու հայերեն ենթագրերով կամ ժեստերի լեզվի թարգմանությամբ՝
    • ա. շաբաթվա ընթացքում առնվազն մեկական կրթական, առողջապահական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդման հեռարձակում,
    • բ. Հայաստանի Հանրապետության տոներին և հիշատակի օրերին կազմակերպվող միջոցառումների ուղիղ եթերով հեռարձակումները,
    • գ. վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Հանրապետության նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղիղ եթերով հեռարձակվող ելույթները, ուղերձները և նախապես ծրագրված հարցազրույցները,
    • դ. արտակարգ կամ ռազմական դրության ռեժիմի ընթացքում եթեր հեռարձակվող հատուկ թողարկումները,
    • ե. սոցիալական գովազդը,
  • սահմանել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելք տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն տարածելու, կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն պարունակելու դեպքում,
  • «Լեզվի մասին» ՀՀ օրենքում սահմանել «Ժեստերի լեզու» հասկացությունը,
  • Ազգային ժողովի հատուկ նիստերի և խորհրդարանական լսումների առցանց հեռարձակումը Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքով կազմակերպելու հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ: