Հիմնախնդիրներ
Կրթություն
Զբաղվածություն
Մատչելիություն
Օրենքների կիրարկում
Ներառական քաղաքականություն
Կանայք և երեխաներ
Կրթություն
Հայաստանը որպես պետական քաղաքականություն որդեգրել է ներառական կրթությունը, սակայն դրա իրականացման համար դեռևս չեն ստեղծված անհրաժեշտ պայմաններ ուսումնական հաստատություններում:
Խելամիտ հարմարեցումների բացակայության պատճառով հանրակրթությունից դուրս են մնում այն երեխաները, ովքեր մշտական աջակցության կարիք ունեն: Ծնողների մեծ մասը ստիպված է ուսումնական ժամերն անցկացնել դպրոցում, քանի որ Հայաստանում դեռևս չեն գործում անհատական ուղեկցողի կամ տյուտորի ինստիտուտները:
Թեև պետությունն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց անվճար կրթությունը, բայց նրանց լիարժեք ուսումնառության համար որևէ պայման չի ստեղծում միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:
-
Անհրաժեշտ է կյանքի կոչել պատրոնաժի ինստիտուտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ուղեկցության կարիք ունեցող երեխաներին ապահովել մշտական աջակցությամբ և ապահովել նրանց լիարժեք ներառումը հանրակրթության մեջ: -
Կրթական ավելի բարձր մակարդակում պետք է ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության կենտրոն, որը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բոլոր փուլերում համագործակցությամբ կաջակցիհաշմանդամություն ունեցող ուսանողների որակյալ և մատչելի կրթության ապահովմանը՝ տրամադրելով մասնագիտական և տեխնիկական աջակցություն ուսանողներին և դասախոսական կազմին:
Զբաղվածություն
2016 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 200.117 անձ: Նրանց 63,4%-ը աշխատունակ տարիքի է` 18-63 տարեկան: Հայաստանում փորձ է արվել պետական մակարդակով խթանել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը երկրում,և 2015 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքը, ըստ որի հարյուր և ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպությունների համար քվոտայի պահանջ է առաջանում կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի առնվազն տոկոսի չափով: Ինչպես ցույց է տալիս իմ ուսումնասիրությունը, այս փոփոխությունը որևէ խնդիր չի լուծել զբաղվածության ոլորտում, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց գերակշիռ մասն այսօր աշխատանք չունի, իսկ քվոտայի պահանջը առանց այդ էլ լրացված է պետական կազմակերպություններում:
Ի՞նչ կորուստներ է ունենում պետությունը խտրական քաղաքականության և անհավասար պայմանների հետևանքով: Որքա՞ն մարդ կարող էր աշխատել, եթե չլինեին արհեստական խոչընդոտները կրթության և զբաղվածության ոլորտում:Ի՞նչ նպաստ կունենար երկիրը, եթե հաշմանդամություն ունեցող մարդիկ մասնագիտություն ստանային, որպես մրցունակ քաղաքացի աշխատելու և Հայաստանի կայուն զարգացման գործում իրենց ներդրումը բերելու հնարավորություն ունենային:
-
Զբաղվածության խնդիրը լուծելու համար պետք է մշակվի համատեղ ռազմավարություն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության և գիտության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որը կունենա հստակ ժամանակացույց և նպատակին հասնելու չափելի ցուցիչներ: Ռազմավարությունը պետք է առաջարկի կոնկրետ քայլեր հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրի համար և դրան հասնելու հստակ մեխանիզմներ, օրինակ՝ վերապատրաստումներ, աջակցող տեխնոլոգիաների տրամադրում, աշխատատեղի հարմարեցում կամ մատչելի երթուղու մշակում և այլն: -
Պետք է ստեղծել աջակցող հիմնադրամ, որի ֆոնդը կգոյանա մատչելիության չափանիշների և այլ վարչական խախտումների հետևանքով վճարված տուգանքներից գոյացած գումարներով, և որի ռեսուրսները կուղղվեն աշխատատեղերի հարմարեցմանը և հաշմանդամություն ունեցող անձանց վերապատրաստումներին:
Մատչելիություն
Մատչելիությունը մարդու իրավունքների հիմնախնդիր է։ Այն պետք է դիտարկել լայն առումով, և անմատչելիությունը համարել բռնություն ցանկացած անձի նկատմամբ։ Հայաստանում ապրող յուրաքանչյուր քաղաքացի, անկախ հաշմանդամություն ունենալու փաստից, կարիք ունի մատչելի միջավայրի, որտեղ կարող է իրեն ազատ, խաղաղ, անվտանգ և հարմար զգալ։ Մատչելիությունն անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ապրել անկախ և հնարավորություն ունենա մասնակցել հասարակական կյանքին։ Հայաստանում առկա ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և ծառայությունների անմատչելիության պատճառով հազարավոր մարդկանց կյանքեր հայտնվել են փակուղում։
-
Տարբեր երկրների փորձի հիմքով և հայաստանցի հաշմանդամություն ունեցող անձանց լայն մասնակցությամբ պետք է մշակվեն մատչելիության նորմերը և ժամանակացույց։ Նոր շահագործվող յուրաքանչյուր հանրային փոխադրամիջոց պետք է հարմար լինի տարբեր դժվարություններ ունեցող քաղաքացիներին, իսկ արդեն շահագործվող տրանսպորտային միջոցների հարմարեցման համար պետք է ունենալ ժամանակացույց։ -
Պետք է երաշխավորել պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող պետական կառույցների կայքերը և հեռախոսային հավելվածների մատչելիությունը։ Հայերեն ժեստերի լեզուն պետք է ճանաչել որպես Հայաստանի Հանրապետության պետական լեզու, պետք է հստակեցվի պետական քաղաքականությունը։
Օրենքների կիրարկում
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք պաշտպանության համար Հայաստանում բացակայում են օրենքների կիրարկման մեխանիզմները: Նույնիսկ այն օրենքները, որոնք քիչ թե շատ ապահովում են որոշակի իրավունքների պաշտպանությունը, կյանքի չեն կոչվում կամ անարդյունավետ են: Չկա որևէ պետական մարմին, որը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտման դեպքում կկիրառի վարչական պատասխանատվության միջոցներ:
-
Հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց իրավունքները պաշտպանող օրենքների իրացումն ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով գործակալություն, որը կապահովի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և օրենսդրության պահանջների խախտման դեպքում կկիրառի վարչական պատասխանատվության միջոցներ: -
Պետք է սկսել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացման գործընթացը, ինչը անհատական հաղորդման և հետաքննության ընթացակարգի միջոցով կամրապնդի կոնվենցիայի կիրարկումը և վերահսկումը Հայաստանում:
Ներառական քաղաքականություն
Հաշմանդամություն ունեցող քաղաքացիները շարունակում են անտեսանելի մնալ վարվող քաղաքականության մեջ և զարգացման ծրագրերում: Նրանք դուրս են մնում քաղաքական և հասարակական ամենակարևոր գործընթացներից և երկրորդային դերում են հայտնվել: Մեր երկրում ներառական քաղաքականության մշակման և իրականացման ավանդույթ ձևավորելու անհրաժեշտություն կա:
-
Որպեսզի մարդիկ ունենան կրթության, աշխատանքի, համայնքում ներգրավվելու հավասար հնարավորություններ, բոլոր գործընթացները պետք է ներառական լինեն, բոլոր օրենսդրական նախաձեռնությունները պետք է արտացոլեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները, անկախ այն բանից, դրանք վերաբերում են զբաղվածության ոլորտին, թե տուրիզմին, հարկային, թե ընտրական օրենսգրքերին: Բոլոր ծրագրերը, որոնք մշակվում և իրականացվում են ՀՀ կառավարության կողմից, պետք է ներառեն բոլորի կարիքները՝ չանտեսելով որևէ խմբի: -
Անհրաժեշտ է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր խմբերի լիարժեք և արդյունավետ մասնակցությունը բոլոր օրենսդրական նախաձեռնություններում՝ տրամադրելով խելամիտ հարմարեցումներ հանրային լսումների և այլ քննարկումների ժամանակ:
Կանայք և երեխաներ
Հաշմանդամություն ունեցող կանայք ամբողջ աշխարհում կրկնակի խոցելի են սեռի և հաշմանդամության պատճառով: Նրանք ավելի հաճախ են ենթարկվում բռնության, շահագործման և ավելի քիչ են օգտվում առողջապահական իրավունքից, քան հաշմանդամություն ունեցող տղամարդիկ: Նրանք ավելի քիչ հնարավորություններ ունեն կրթության և զբաղվածության համար:
Հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ ծննդյան պահից ենթարկվում են խտրականության: Նրանց մանկատան խնամքին թողնելու որոշումը ծնողները հաճախ կայացնում են ծննդատներում՝ անիրազեկության, անհրաժեշտ ծառայությունների, ինչպես նաև հոգեբանական աջակցության բացակայության, բժշկական անձնակազմի կամ ընտանիքի անդամների ճնշումների հետևանքով: Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները և հասարակական կազմակերպությունները մամուլի միջոցով պարբերաբար բարձրաձայնում են, որ բժշկական անձնակազմն է հորդորում երեխային հանձնել մանկատան խնամքին։ Կառավարությունը շարունակում է անտեսել հիմնախնդիրը, չի ձեռնարկում հոգեբանական բռնության կանխարգելման և ծննդատներում հոգեբանի ինստիտուտի ստեղծմանն ուղղված քայլեր։
-
Պետք է ապահովել հաշմանդամություն ունեցող կանանց տեսանելիությունը և հաշվի առնել նրանց կարիքները ՀՀ օրենքներում և ռազմավարություններում, որոնք վերաբերում են ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլ նաև կանանց, մասնավորապես, «Վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» և «Կանանց և տղամարդկանց իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքներում: -
Անհրաժեշտ է բժշկական հաստատությունները զինել հատուկ սարքավորումներով և համապատասխան ծառայություններով, որոնք կհեշտացնեն հաշմանդամություն ունեցող կանանց սպասարկումը, օրինակ՝ հարմարեցված բժշկական կաբինետներ և հետազոտական սարքեր, ժեստերի լեզվի թարգմանիչներ, համապատասխան տեղեկատվական նյութեր (բրայլյան համակարգով, խոշոր տառատեսակով կամ աուդիոգրքերով): -
Պետք է բարձրացնել բժշկական հաստատությունների աշխատակիցների իրազեկությունը հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելու և սպասարկելու էթիկայի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներով, վերապատրաստումների ընթացքում առանձնակի ուշադրություն դարձնել հաշամնդամություն ունեցող կանանց վերարտադրողական և սեռական առողջության թեմաներին: -
Ծննդատներում պետք է ներդնել հոգեբանի ինստիտուտը` կանխելու համար նոր ծնված՝ առողջական խնդիրներ ունեցող երեխաների տեղափոխումը հատուկ հաստատություններ, և կստեղծվի ընտանիքների աջակցության մշտական ծառայություն, կզարգացվեն խնամատարության և որդեգրման ինստիտուտները:Ծնողները պետք է վստահ լինեն, թե ում և ինչպես դիմեն, երբ օգնության կարիք ունեն, երբ նոր են իմացել, որ իրենց երեխան հաշմանդամություն ունի: