Ազգային ժողովն ընդունեց Զարուհի Բաթոյանի «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 19-րդ հոդվածը. այն սահմանում է պետության՝ հատուկ դպրոցներ ստեղծելու լիազորությունները: Ըստ Զարուհի Բաթոյանի՝ այս հոդվածը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանը կրթության ոլորտում վաղուց որդեգրել է համընդհանուր ներառման սկզբունքը եւ հատուկ դպրոցներ բացելու ծրագրեր չունի:
Զարուհի Բաթոյանի խոսքով՝ ի տարբերություն հանրակրթության ոլորտի, նախադպրոցական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխաների համար նպատակային ֆինանսավորման հարցը դեռևս կարգավորված չէ օրենքով, ուստի նախագիծն այս բացն է լրացնում: Բացի այդ, հեղինակի խոսքով՝ պետության պարտավորությունն հիշատակված օրենքով ամրագրված չէ Բրայլյան դասագրերի տպագրության և ուսումնառության համար անհրաժեշտ նյութերով հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններն ապահովելու հարցում:
«Գործնականում արձանագրվել է մի իրավիճակ, երբ տեսողության խնդիր ունեցող երեխաների համար Բրայլյան դասագրքերը և կրթական նյութերը մշտապես ձեռք են բերվել բարերաների և բարեգործական կազմակերպությունների միջոցներով և դրանց համար պետական միջոցներից ֆինանսավորում չի հատկացվել»,- նշում է նախագծի հեղինակը:
Նախագծով սահմանվել է պետական պարտավորություն հատուկ ծրագիր իրականացնող դպրոց-ռեսուրս կենտրոնների բոլոր դասարանների սովորողներին՝ պետական միջոցների հաշվին հատուկ կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով և ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով ապահովելու համար: